Рубрика: Գրականություն 10

Թումանյանի ընտանիքի մասին

Ծնողներ

Բանաստեղծի հայրը՝ Հովհաննես աղայի ավագ որդին՝ Ասլան (հետագայում՝ Տեր-Թադևոս) Թումանյանցը (1839-1898), Սանահինի վանքում երկու տարի դպրի պաշտոն զբաղեցնելուց հետո՝ 1874 թվականին՝ 35 տարեկանում, հակառակ իր կամքին ձեռնադրվում է քահանա։ Ծիծաղելով հաճախ է կրկնել «Մարդ չդառա, տերտեր դառա» ասացվածքը։ Քահանա դառնալ էր ստիպել հայրը, որն այն ժամանակ շատ էր ցանկացել, որ որդիներից մեկը տերտեր դառնա։ Բանաստեղծը և եղբայրը՝ Ռոստոմը, ծնվել են, երբ նրանց հայրը դեռ աշխարհական է եղել։ Թումանյանը հոր նկատմամբ խորը հարգանք և սեր է տածել․

Առաջին սեր

Տիգրան Տեր-Դավթյանի դպրոցում ուսանելու տարիներին և Տեր-Դավթյանի ընտանիքի հետ մտերմանալիս Թումանյանը սիրահարվում է տեսչի աղջիկներից մեկին՝ Վերգինեին և գրում է «Հոգուս հատոր» բանաստեղծությունը։ Տիգրան Տեր-Դավթյանը սակայն, իմանալով այս սիրո մասին, աշակերտի վրա լրտեսներ է նշանակում, որոնք Թումանյանին գտնում են դպրոցի բակի լորիների տակ՝ «Հոգուս հատորը» գրելիս։ Թումանյանին փրկում է տեսչի դուստրը՝ Վերգինեն, որին էլ նա հասցեավորել էր «Հոգուս հատորը»։ Հետագայում այս միջադեպը և առաջին սերը դարձել են Թումանյանի ամենաթանկ հիշողություններից մեկը։

Ամուսնություն

1887 թվականի սեպտեմբերին Թումանյանը սիրահարվում է Թիֆլիսի Քամոյան եկեղեցու քահանա և կոնսիստորիայի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանի որդեգրուհի Մարիամ (Օլգա) Մաճկալյանին, որին նա, ամենայն հավանականությամբ, տեսել էր Տեր-Հովհաննեսի բնակարանում կամ Խարխուփի թաղում, ուր գտնվում էր Մարիամ Մաճկալյանի տատի տունը։ Քահանա Տեր-Հովհաննեսի տանը պաշտոնական այցելություններից մեկի ժամանակ Թումանյանը ծանոթանում է ապագա կնոջ հետ։

Օլգա Մաճկալյանի հետ ամուսնանալու մտադրությունը հավանություն է գտնում աղջկա խորթ հոր՝ Տեր-Հովհաննես մոտ մեկ պայմանով, որ Թումանյանը քահանա դառնար, ինչին էլ Թումանյանը համաձայնում է։

Հովհաննես Թումանյանի և Օլգա Մաճկալյանի նշանադրության արարողությունը տեղի է ունեցել 1888 թվականի մարտի 24-ին (ըստ պայմանագրի՝ մարտի 25-ին), իսկ ամուսնությունը՝ նույն թվականի դեկտեմբերի 1-ին։

Երեխաներ

Թումանյանների ընտանիքը

1888 թվականին՝ տասնինը տարեկան հասակում Թումանյանն ամուսնացել է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ։ Նրանք ունեցել են 10 երեխա՝

  • Մուշեղ (1889-1938),
  • Աշխեն (1891-1968),
  • Նվարդ (1892-1957),
  • Արտավազդ (1894-1918),
  • Համլիկ (1896-1938),
  • Անուշ (1898-1927),
  • Արփենիկ (1899-1981),
  • Արեգ (1900-1939),
  • Սեդա (1905-1988),
  • Թամար (1907-1989):

Оставьте комментарий