Рубрика: Հայոց լեզու 10, Գրականություն 10

Գարունը կյանքի նոր սկիզբ է․․

Երբ ձմեռվանից հետո գալիս է գարունը, ամեն անգամ կյանքս նոր շնչով է լցվում։ Կարծես մռայլ ու միապաղաղ կյանքից վերադառնում եմ պայծառ հիշողություններով և կյանքով լի առօրյային։ Երբ դատարկ ծառերը, մռայլ փողոցները և ամպամած եղանակը, փոխարինվում են ծաղկած ծառերի, արևոտ փողոցների և տաք եղանակի՝ ինքդ էլ կարծես վերածնվում ես։
Ծաղկում՝ առաջին շունչը, որ բնությունը տալիս է մարդկությանը։ Երբ առաջին հայացքդ գցում ես ծաղկած ծառերին՝ թվում է թե ձյուն է, բայց երկար նայելուց հետո նկատում ես ճյուղերի վրայի այդ խիտ ծաղկած բուրավետ ծաղիկները ու բզզացող մեղուներին։ Բուռն ծաղկումը սկսում է կամաց-կամաց անցնել։ Թափվում են ծաղկի բարակ ու թեթև թերթիկները և տերևների արանքից սկսում են երևալ բոլորիս սիրած փոքրիկ ցոգոլները։ Այո՛, թթվաշ, պինդ ու հյութալի ծիրանի և սալորի անհաս պտուղները։ Մանկության ամենավառ տպավությունները, երբ ամբողջ մի պատմություն ու քարտեզ էինք գծում, որ ցանկացած գնով բարձրանայինք ծառը ու քաղեինք այն աչքի տակ պահած ամենախոշոր ցոգոլը, որը տեսել էինք ծառի համարյա ամենավերին հատվածում։ Քաղում, ուտում էինք՝ վերադառնում էինք լիքը վերքերով ու քերծվածքներով, բայց դրական ու վառ հիշողություններով։ Գարունը լի է արկածներով։ Նա իր եղանակային քմահաճ տրամադրությունը փոփոխում է այնպես, կարծես երեխա լինի դեռահասության շրջանում՝ մե՛կ անձրև է, մե՛կ արև, մե՛կ քամի, մե՛կ ամպամած։ Չգիտես հաջորդ օրը ինչ է քեզ սպասվում՝ առավոտները մեղմ ու թեթև սառը քամի, ցերեկները շոգ, իսկ երեկոները ցուրտ։ Ու այդպես ինքդ ես մոլորվում զգեստապահարանիդ մեջ՝ կռահելով հաջորդ օրվա եղանակը։ Չնայած այդ ամենին թե՛ լավ, թե՛ վատ եղանակին ստեղծվում են լավ հիշողություններ։ Ու իրոք գարունը կյանքի նոր սկիզբ է․․․

Оставьте комментарий